ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ԴԺԲԱԽՏ Է ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

«ԴԺԲԱԽՏ Է ԱՅՆ ԵՐԿԻՐԸ, ՈՐԸ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»
27.04.2010 | 00:00

«ՀՀ մշակույթի նախարարությունը և Ազգային թատերական-ստեղծագործական միավորումը (ԱԹՍՄ) նախաձեռնեցին «ReadingFest-process» փառատոնը, որի նպատակն է ի հայտ բերել հայազգի ժամանակակից հեղինակների չբեմադրված կամ չէկրանավորված գեղարվեստական, դրամատուրգիական ստեղծագործությունները, բացահայտել նոր անուններ։ Թե ինչպե՞ս ծնվեց այս միտքը, և ինչպե՞ս է ընթանում «ReadingFest»-ը, փորձեցինք ճշտել փառատոնի նախաձեռնող ու գեղարվեստական ղեկավար ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԴԱՍՅԱՆԻՑ։
-Մեր օրերում դրամատուրգները շատ են, պիեսները` անթիվ, սակայն որակյալ պիեսների պակաս, այնուամենայնիվ, զգացվում է։ Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ արդի դրամատուրգները չեն կարողանում ստեղծել մնայուն պիեսներ։
-Կան մարդիկ, ովքեր գրում են պիեսներ կամ սցենարներ և իրենց դրամատուրգ են համարում։ Այդպիսիք ավելի քան շատ են, ինչպես բոլոր ժամանակներում։ «Մնայուն պիես» կամ «արժեք» ասվածն էլ շատ հարաբերական է։ Այն, ինչ այսօր թվում է արժեքավոր, վաղը մեկ ակնթարթում կարող է արժեզրկվել, և հակառակը։ Ժամանակակից դրամատուրգիան և ակտուալ դրամատուրգիան տարբեր բաներ են։ Ակտուալ այսօր կարող են լինել և՛ Էսքիլեսը, և՛ Շեքսպիրը, և՛ Մոլիերը, և՛ Չեխովը։ Իսկ ահա պիեսը կամ սցենարը, գրված ժամանակակից հեղինակի գրչով, այսօրվա և մեր հերոսների մասին, կարող է լինել հնացած։ Կարծում եմ` խնդիրը ժամանակակից հեղինակներինն է, ովքեր, ինչպես կանոն, վատ են կողմնորոշվում մեր ապրած ժամանակում և ժամանակի իրական հերոսներին չեն տեսնում։ Դա բարդ գործ է բոլոր ժամանակների համար, առավել ևս, մեր դարում, երբ դեռ արժեքների վերագնահատման անցումային շրջանում ենք ապրում։ Իսկ ժամանակակից պիեսը ոչ միշտ է արդիական։ Ժամանակակից արվեստի իրական ստեղծագործություններում արդիականացվում են «հավերժական արժեքները», ոչ թե «օրվա քմահաճույքը»։
-Կարելի՞ է ասել, թե «ReadingFest-process»-ը ստեղծվեց այն միտումով, որ ընթերցումների և քննարկումների օգնությամբ հրապարակ բերի այն, ինչը պակասում է հայ արդի դրամատուրգիային։
-Այո, «ReadingFest»-ը ի սկզբանե մտածված էր որպես շարունակական ընթացք, որտեղ բացարձակապես չէր ենթադրվում երևան բերել հաղթողներին։ Մեզ համար կարևոր էր, որ ընթերցումների ժամանակ հանդիպեին դրամատուրգիական ստեղծագործությունների հեղինակներն ու այն մարդիկ, ովքեր կյանքի են կոչում պիեսներն ու սցենարները, այսինքն` ռեժիսորներն ու պրոդյուսերները։ Դրամատուրգիան գրական ժանր է, բայց պիեսը կամ սցենարը, ըստ էության, կիսաֆաբրիկատ են և վերջնական տեսք են ստանում բեմում կամ էկրանի վրա։ Սա փաստ է, այլապես ընթերցողները կսահմանափակվեին միայն կարդալով և չէին հաճախի կինոթատրոն կամ թատրոն։ Մեր ռեժիսուրայի խնդիրը միայն վարպետության պակասը չէ։ Ռեժիսորների մեջ հանդիպում են նաև իրենց գործի վարպետներ, բայց արվեստ արարելու համար անհրաժեշտ են անհատներ, ոչ միայն անհատականություններ։ Ցավոք, հեղինակների համար (և՛ դրամատուրգների, և՛ ռեժիսորների) չկա ոչինչ այնքան ակտուալ, որքան իրենց անձը։ Արտաքին աշխարհը և շրջապատող մարդիկ նրանց քիչ են հետաքրքրում։ Այդ է պատճառը, որ նրանց պոտենցիալ ընթերցողն ու հանդիսատեսը համարժեք պատասխան են տալիս` բացարձակ անտարբերություն և սառնասրտություն։
-Ընթերցել-լսել-քննարկել. այսպես կարելի՞ է հանգել ընդհանուր հայտարարի և հասկանալ` որո՞նք են ժամանակակից դրամատուրգիայի խնդիրները։
-Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ կենցաղը կլանել է ամեն ինչ, իսկ հոգին իրերով չես կշտացնի։ Այն այլ արժեքների կարիք ունի։ Ինչպես նկատել է Էքզյուպերին` ամենաբարձր արժեքը պարզ, մարդկային շփումն է։ Որն էլ, ասես, կորստի եզրին է...
Մեր ընթերցումներն այս առումով օգտավետ են։ Ընթերցման, լսելու և քննարկումների ընթացքում մենք չէինք ձգտում հանգելու ընդհանուր հայտարարի, արդի դրամատուրգիայի խնդիրները պարզելը նույնպես մեր նպատակը չէր։ Ավելի կարևոր է զգալ` ինչն է հուզում, մտահոգում, անհանգստացնում յուրաքանչյուրիս։ Պետք է հասկանալ` ի՞նչն է համախմբում մեզ` այստեղ և հիմա ապրողներիս։
-Հավատո՞ւմ եք, որ ընթերցումները կօգնեն դրամատուրգներին` ստեղծելու այնպիսի պիեսներ, որոնց պակասն ունեն հայ թատրոնն ու հանդիսատեսը։
-Ընթերցումները կարող են խթանել մթնոլորտի ձևավորմանը, հեղինակների ստեղծագործական շփմանը, ինչն էլ, վերջին հաշվով, կանդրադառնա նրանց ստեղծագործությունների որակի վրա։
-Մինչ ընթերցման օրը որոշ դրամատուրգներ պարտաճանաչ մասնակցում էին ընթացքին, սակայն իրենց պիեսի ընթերցումից հետո հազվադեպ էին գալիս կամ էլ ընդհանրապես չէին գալիս։ Մի՞թե սա խնդիր չէ։
-Խնդիր չէի համարի, այլ տխուր փաստ։ Դա վերը նշված անտարբերության հետևանք է։ Այն առկա է հեղինակների մեծամասնության մոտ` ամենքի և ամեն ինչի հանդեպ` բացառությամբ իրենց անձի և սեփական աշխատանքի։ Ժամանակին Ինգմար Բերգմանն իր` «Ինչպես է ստեղծվում ֆիլմը» գրքում գրում էր. «Մեր ժամանակներում անհատը դարձել է բարձրագույն ձև և գեղարվեստական արվեստի մեծագույն անեծք։ Անհատին հասցված ամենափոքր ցավը դրվում է մանրադիտակի տակ։ Արվեստագետն իր կղզիացումը, սուբյեկտիվությունն ու ինդիվիդուալիզմը գրեթե սրբության աստիճանի է բարձրացնում։ Այնքան ենք տարվել մեր առօրյա հոգսերով, որ այլևս չենք կարողանում տարբերել ճշմարտությունը կեղծիքից, ավազակային քմահաճույքը` մաքրամաքուր իդեալներից»։
-Այնուամենայնիվ, դա չվհատեցրեց փառատոնի կազմակերպիչներին, և որոշվեց ընթացքը շարունակել։ Ե՞րբ կսկսվի ընթերցումների գարնանային շրջանը։
-«ReadingFest»-ը, անկասկած, կշարունակվի, ավելին, այն կընդլայնի իր աշխարհագրական սահմանները` շնորհիվ ԱԹՍՄ-ի նախագահ Արա Խզմալյանի։ Նա ծրագիրը ներկայացրել է «ԱՊՀ երկրների մասնակիցների միջազգային հումանիտար ֆոնդի» ղեկավարներին։ Արդյունքը կտեսնենք ընթացիկ տարվա աշնանը։ Երևանում տեղի կունենա միջազգային ժամանակակից դրամատուրգիայի առաջին բաց փառատոնը, որը կկոչվի «Ներկայի վերագնահատում»։ Հաղթողներին, մրցանակից բացի, կաջակցեն համատեղ ծրագրեր (ներկայացումներ, ֆիլմեր) իրականացնելու գործում։ Այսպիսով, «ReadingFest»-ը ծնեց ընդգրկուն մի նոր փառատոն։
-Որպես զրույցի վերջաբան` ո՞վ է, ըստ Ձեզ, մեր ժամանակի հերոսը։
-Խոստովանեմ` որքան երկար եմ ապրում, այնքան քիչ են ինձ հետաքրքրում հերոսները։ Ինձ հետաքրքրում են բոլոր ժամանակների և ազգերի պայծառ անհատները։ Նրանց վրա է հիմնված աշխարհը։ Հիրավի, մարդը հերոսականացման կարիք չունի։ Եվ եթե որևէ մեկն այս կամ այն մարդուն հերոսացնում է, պետք է հասկանալ, որ դա արվում է չարչիական նկատառումներից ելնելով։ Այդ է պատճառը, որ սարքովի հերոսները ժամանակի ընթացքում մոռացվում-գնում են։ Ինչ վերաբերում է մեր ժամանակի հերոսին, ապա իմաստուն մարդկանցից մեկն ասել է. «Դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի»։
Զրույցը` Սաթենիկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ